Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 15 հազար ծառ եւ 5 հազար թուփ:
Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով` վաղ առավոտից վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող բոլոր պետական կառույցներ եւ հասարակական կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ, համատիրություններ, ինչպես նաեւ հազարավոր բնակիչներ:
Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակլիմայական պայմանները` քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ ծառատունկի համար ընտրվել է մշտադալար եւ դեկորատիվ ավելի քան 10 ծառատեսակ: Քաղաքապետարանը հոգացել եւ ապահովել է նաեւ ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
«Ծառատունկը հիմնական իրականացվել է բակային, ընդհանուր օգտագործման, երկար տարիներ անուշադրության մատնված բաց տարածքներում, ինչպես նաեւ մայթեզրյա հատվածներում: Ծառերի վնասվելու հնարավոր դեպքերը կանխելու նպատակով դրանք ամրացվել են ամրակներով եւ մետաղական ճաղավանդակներով: Ընդհանուր առմամբ այս տարի մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 40 հազար ծառ եւ 5 հազար թուփ»,- նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, փոխանցում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։





























