Նուբարաշեն ՔԿՀ-ում հերթական անգամ հանդիպել եմ բերանը կամ աչքերը կարած քաղաքացիների, որոնք այս ճանապարհով ցանկանում են լսելի դարձնել իրենց խնդիրները, թեեւ հաստատության աշխատակազմից հավաստիացնում են, որ մեծամասամբ դա պարզապես շանտաժ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ազգային Ժողովում «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
«Ինչո՞ւ են այդ մարդիկ դիմում այդ քայլին` սա է այն հարցը, որն առաջնահերթ պետք քննարկել մինչեւ անցնելը քննարկումներին `ցավո՞մ է, թե՞ չի ցավում, ուժե՞ղ է կարել թե՞՝ ոչ»,-ասաց Անդրեասյանը:
Նրա գնահատմամբ՝ խնդիրները ՔԿՀ-ներում շատ են. «Ուշադրության կենտրոնում չեն եւ անտեսվում են քրեական օրենքներով ապրող ոչ միայն դատապարտյալները, այլեւ բանտային ադմինիստրացիան, մինչդեռ այդ օրենքները տեղափոխվում են նաեւ հասարակություն: Չչգիտեմ` հնարավո՞ր է վերացնել այդ օրենքները, թե ոչ, սակայն փաստ է, որ սա ուշադրության արժանի խնդիր է։ Այսօր էլ ունենք դեպքեր, երբ ութ մարդու համար նախատեսված խցում ապրում են 18-20 դատապատրյալներ»։
Անդրեասյանը նաեւ հնչեցրեց հարցադրում, թե արդյոք ՔԿՀ-ները իսկապես ուղղում են մարդուն, թե վերջնականապես վերածում են նրան իրապես հանցագործի, որը հուսահատվում է հասարակության մեջ արժանի տեղը գտնելու ճանապարհին։ Ըստ Կ.Անդրեասյանի, ով ՔԿՀ-ներում շփվելով դատապարտյալների հետ հանդիպել է մարդկանց, ովքեր խնդրում են ոչ միայն նորմալ սնունդ ունենալ ու երեք ամիսը մեկ թարմ դեղեր ստանալ, այլեւ շփվել մտավորականների ու հոգեւորականների հետ. «Գիտենք, թե ինչ ենք ցանկանում ունենալ, բայց լուծումներ չկան: Լավ վարչարարության եւ ոլորտում կոռուպցիոն երեւույթների դեմ իրական պայքարի դեպքում կունենանք դրական տեղաշարժ»։




























