«Եթե խոսքը գնում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, ապա պետք է հիշել, որ Թուրքիան միշտ հայտարարել է, որ սահմանը փակել է ԼՂ խնդրի պատճառով եւ այն կբացվի, եթե հայկական ուժերը դուրս բերվեն ԼՂ-ին հարակից տարածքներից»,- հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու հավելեց. «Այս տեսանկյունից, եթե Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ԼՂ խնդրի լուծմանը եւ համաձայն է մադրիդյան սկզբունքներին, էլ ի՞նչ կարիք կար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել: Չէ որ, եթե լուծվում է Ղարաբաղի հարցը, ինքնըստինքյան սահմանը բացվելու էր, ի՞նչ իմաստ ուներ նման գործընթաց սկսել: Այսքան ժամանակ, որեւէ իշխանավոր կամ պետական մարմին անկեղծորեն չի պատասխանել այս հարցին»:

Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին՝ նա ասաց. «Իմ կարծիքով, հայ-թուրքական զարգացումները մեր շահերից չեն բխում եւ մեր նախաձեռնությունը չէին: Որքան շուտ դուրս գանք այդ գործընթացից, այնքան լավ»:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը դուրս գալ այդ գործընթացից, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Ցանկացած պատրվակ կարելի է օգտագործել դրա համար: Թուրք պաշտոնյաների հայտարարությունները, թե սահմանը կարող է բացվել միայն ԼՂ հարցում առաջընթացից հետո, արդեն պատրվակ է»: