Հայաստանյան մի խումբ իրավապաշտպաններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Ըստ իրավապաշտպանների՝ «ողջ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավորում չներկայացվեց նրա կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու առումով: Ավելին, Փաշինյանի նկատմամբ առաջադրված էր նույն բովանդակությամբ մեղադրական եզրակացությունը, որը նախկինում առաջադրվել էր ընդդիմության ներկայացուցիչ յոթ քաղբանտարկյալներին, եւ որի հիման վրա վեցի նկատմամբ կայացվել էր ավելի պակաս ժամկետ նախատեսող ազատազրկում, ինչի հետեւանքով նրանք համաներմամբ հայտնվել են ազատության մեջ»:

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատարանի վճիռը ոչ թե իրավական որոշում է, այլ քաղաքական հետապնդման անթաքույց ակտ: Կայացվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, ինչը քրեորեն պատժելի արարք է»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել. «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող քաղաքական եւ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը եւ ազատ արձակել նրան»:

Հայտարարության տակ ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար», «Հույս», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Էկոդար» եւ այլ հասարակական կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: