Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում բացվել է հայ մեծ քնարերգու Սայաթ-Նովայի կիսանդրին։ Բանաստեղծի կիսանդրու բացումը նվիրված է նրա 300-ամյա հոբելյանին։ Բանաստեղծի անունը կրող թաղամասի համանուն պուրակում տեղադրված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քանդակի հեղինակ Լեւոն Թոքմաջյանը, Երեւանի ավագանու անդամներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, հյուրեր եւ Ավանի բնակիչներ:
«Գաղափարը վաղուց էր քննարկվում ու այսօր Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կյանքի կոչվեց: Ինչպես գիտեք Ավան վարչական շրջանի թաղամասերը անվանակոչված են մեր հայ մեծերի անուններով եւ մենք ծրագրել ենք այդ թաղամասերից յուրաքանչյուրում առկա պուրակներում տեղադրել նմանատիպ կիսանդրիներ: Այս ծրագիրը հաստատ լինելու է շարունակական»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխանցում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության շրջանակում կազմակերպվել էր նաեւ տոնական համերգ-միջոցառում՝ աշուղական երգերի լավագույն կատարողներ Թովմաս Պողոսյանի, Արուս Գուլանյանի եւ այլոց մասնակցությամբ:




























