Երեկ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հանձնաժողովում «Սերմերի մասին» կառավարության ներկայացրած օրինագծի քննարկմանը համարյա բախում է տեղի ունեցել հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի ղեկավարած հանձնաժողովի անդամների ու ՕԵԿ-ը ներկայացնող գյուղնախարարի միջեւ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Կրքերն այն աստիճան են լարվել, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանձնաժողովի անդամներին մեղադրել է դեբոշ սարքելու մեջ եւ սպառնացել քննարկման կեսից հեռանալ։ «Ժամանակի» տեղեկություններով, գյուղնախարարին մասնավորապես հունից հանել է այն, որ օրինագծի քննարկմանը հանձնաժողովի անդամները բարձրացրել են գյուղացիներին կառավարության բաժանած էլիտար ցորենի հարցը, որը, ինչպես հայտնի է, նորմալ բերք չի տվել, իսկ այժմ գյուղացուց պահանջում է 700 դրամ՝ 1 կգ ցածրորակ սերմնացուի համար»,- գրում է «Ժամանակը»։