Մինչեւ 19-րդ դար տարածված կարծիք է եղել, որ ինքնասպանները հոգեկան հիվանդներ են: Սակայն ինքնասպանության պատճառը պայմանավորված է, թե հոգեբանական, թե սոցիալական խնդիրներով: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, կայացած ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ ավելի հակված են ինքնասպանություն գործելուն: Ինչպես նաեւ նշեց, որ ինքնասպանության մակարդակը կապված չէ երկրի տնտեսական վիճակից եւ, օրինակ բերեց ամենազարգացած երկրներից մեկը` Շվեցարիան, որտեղ 100 հազարից 30-ը ինքնասպանություն են գործում: Իսկ Հայաստանում 100 հազարից երկուսն են ինքնասպանություն գործում: Ըստ նրա պատճառը այն է, որ մեզ մոտ բանկրոտներին ավելի թեթեւ են վերաբերում: «Ինքնասպանության  պատճառներից մեկն էլ Լիր արքայի կոմպլեքսն է, երբ մարդը գտնվում է իր սոցիալական ստատուսի կորստի շեմին: Այսինք` տնօրենը գնում է թոշակի, հրամանատարը դառնում է պահեստային, առաջնակարգ դերասանին էլ նկարահանման չեն հրավիրում: Իսկ երկրորդը արտաքին գործոնն է, որը բարդացնում է մադկանց հոգեբանական վիճակը: Պատահական չէ, որ ինքնասպանների 70 տոկոսը այդ պահին դեպրեսիվ վիճակում են եղել»,- մանրամասնեց Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, ինքնասպանների մեծ մասը կամ ինքնամեկուսացված են կամ ունեն շատ նեղ սոցիալական շրջապատ, որին կարող են դիմել եւ կիսվել իրենց պրոբլեմներով։ «Կանայք ավելի են հակված ինքնասպանության, քան տղամարդիկ: Իսկ գեյերի մոտ էլ ինքնասպանության դիմելու հավանականությունը յոթ անգամ բարձր է»,- ավելացրեց սոցիոլոգը:

Նրա փոխանցմամբ ինքնասպանության մեծ մասը սրվում է  գարնանը եւ աշնանը, ինչը պայմանավորված է եղանակների փոփոխությամբ: «Գարնանը ինքնասպանության հակվածները տեսնում են, որ բնությունը զարթոնք է ապարում, զարգացում է տեղի ունենում դեպի դրականը, բայց իր խնդիրները մնում են նույնը: Աշնանն էլ տեսնում է, որ ամեն ինչ եկել է դեպի ավարտ եւ կարծում, որ ինքը հասել է այդ ավարտին»,- մանրամասնեց Ահարոն Ադիբեկյանը:  Ինչ վերաբերում է տարիքային խմբին նա ասաց, որ թոշակառուների մոտ Լիր արքայի կոմպլեքսն է, իսկ երիտասարդների մոտ  անպատասխան սերն է, ինքնասադրումը: «Երբ ծնողներն ու շրջապատը չեն հասկանում նրանց կամ 13-ամյա աղջիկը դուրս է գալիս փողոց դառնում է պոռնիկ, հղիանում ու չգիտի, թե ինչ անի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ ծնողներից երեխային ինքնասպանության սինդրոմը չի անցնում, քանի որ ըստ վիճակագրության միայն ինքնասպաններից 6 տոկոսի մոտ է ծնողներից մեկը ինքնասպան եղել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am