Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի հինգ ուսանողներ հայտարարություն են տարածել, որում նշել են, թե Հակահարված art խմբի դեմ հայտարարությունը տարածել են առանց ուսանողների գիտության:
«Նոյեմբերի 23-ին երեկոյան ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի եւ ուսանողության անունից հայտարարություն է տարածվել, հետեւյալ բովանդակությամբ. «Նոյեմբերի 22-ին ժամը 13-ին, 4 հոգի բարձրախոսով եւ տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել եւ հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները եւ հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները եւ գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների եւ ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում: Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը եւ ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը եւ թույլ չեն տա որեւէ մեկին խանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է»:
Մենք, որպես ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանողներ, հայտարարում ենք.
Ա. Հայտարարությունը, որը տարածվել է ֆակուլտետի ուսանողության անունից, չի ներկայացնում բոլոր ուսանողների տեսակետը, եւ մեր անունից տարածվել է՝ առանց մեզ հետ նախապես համաձայնեցնելու կամ տեղյակ պահելու: Մենք ԶԼՄ-ներից ենք իմացել, որ մեր անունից նման հայտարարություն է տարածվել:
Բ. Հայտարարության մեջ դեպքը ներկայացված է կողմանակալ: Իրականում համալսարանում քաղաքական քարոզ տեղի չի ունեցել: Մենք չենք լսել որեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի օգտին իրականացվող քարոզչություն:
Գ. Հայտարարության մեջ որեւէ խոսք չկա այն մասին, որ իրականում համալսարանի երկրորդ հարկում ծեծեի են ենթարկել ակտիվիստներից մեկին, որին ականատես է եղել ԵՊՀ պատմության ֆակուլտետեի դեկան Էդիկ Մինասյանի եւ փոխդեկան Վահագն Հակոբյանը եւ մի քանի տասնյակ ուսանողներ:
Հայտարարության հեղինակները հայտարարությունը տարածել են ամբողջ ուսանողներիս անունից, սակայն չեն համաձանեցրել բոլորիս հետ: Սա անընդունելի գործելաոճ է եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում»:
Հայտարարությունը ստորագրել են
Տաթեւիկ Պողպատյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագարության ամբիոնի ազգագրության բաժնի մագիստրանտ
Էլեն Գրիգորյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մշակութաբանության բաժնի ուսանող
Գուրգեն Ասատրյան՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հայոց պատմության բաժնի ուսանող
Լուսինե Հարությունյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի ուսանող
Անուշ Ազնավուրյան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մշակութաբանության բաժնի ուսանող:





























