Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության եւ Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ «Ապրիր առողջ, ապրիր երջանիկ» ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները մեկնեցին Տավուշի եւ Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետներն այցելեցին Իջեւանի ՍՕՍ մանկական գյուղ եւ Գավառի մանկատուն։ Անցկացվեցին ինտերակտիվ դասախոսություններ մանկատան սաների եւ դաստիարակների համար։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից հայտնում են, թե նախքան դասախոսությունների մեկնարկը երեխաները բաժանվեցին 3 տարիքային խմբերի՝ 5-10, 11-15, 16-18։ Հանրամատչելի դասախոսությունների եւ դիդակտիկ նյութերի միջոցով երեխաները ծանոթացան մարդու օրգանիզմի առանձնահատկություններին, անձնական հիգիենայի կանոններին, մի շարք հիվանդություններ կանխարգելելու մեթոդներին։

Դաստիարակների համար ներկայացվեց «Երեխաների հոգեբանություն» թեմայով դասախոսությունը։ Վերջիններս ծանոթացան առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոններին։ Գավառի մանկատան սաներին տրամադրվեց նաեւ սպասք եւ սպիտակեղեն։

«Ապրիր առողջ, ապրիր երջանիկ» ծրագիրը հետագայում կշարունակվի նաեւ ՀՀ Սյունիքի մարզում եւ Արցախում։