Հայաստանի կառավարության նոյեմբերի 29-ի նիստն առանձնահատուկ է նրանով, որ 30 անձ բանակից տարեկետում կստանա, այդ նպատակով կառավարության հաստատմանն է ներկայացվել 3 նախագիծ:

Նախագծերից առաջինը վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբաններին եւ ուսանողներին, եւ Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին` թվով 24 մարդ: Նրանցից 19-ը 2011 թ. արդեն ստացել են տարեկետման իրավունք, հիմա պարզապես այդ իրավունքը երկարաձգվում է մինչեւ 2013 թ. աշնանային զորակոչը: Մյուս 5 ուսանողների ու սաների զորակոչային տարիքը լրանում է ս.թ. աշնանային զորակոչի ժամանակ:

Կառավարության մեկ այլ որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ ֆուտբոլի տարբեր հավաքականների 5 ֆուտբոլիստների, որոնք վերջերս են ՀՀ քաղաքացիություն ստացել, բանակից տարկետում տրամադրել մինչեւ 2013 թ. աշնանային զորակոչը: Ըստ ներկայացված տեղեկանքի` Տիգրան Կանդիկյանը եւ Արտեմ Կարապետյանը մինչեւ 19 տարեկանների հավաքականի անդամներ են, իսկ Արսեն Բեգլարյանն ու Կարեն Մուրադյանը`  մինչեւ 21 տարեկանների հավաքականի անդամ: Գուրգեն Մելիկսեթյանը, ըստ ՀՀ կառավարության տեղեկանքի, ազգային հավաքականի անդամ է:

Նշենք սակայն, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացայի պաշտոնական կայքէջում կարելի է գտնել նշված անձանցից միայն Կարեն Մուրադյանի անունը` նա հանդես է գալիս մինչեւ 21 տարեկանների հավաքականում:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` բանակից տարկետում պետք է ստանա Երեւանի Ա. Մարգարյանի թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միշա Մաղաքյանը : Նրա «բախտը բերել է» այն պատճառով, որ Ռուսաստան մեկնելու հետ կապված «մնացել է» նույն դասարանում: