Հայ Առաքելական եկեղեցու վանահայրը խնդրել է  «Հայկական հաց» ֆիլմը հանել քրիստոնեական միջազգային «Նեւսկի Բլագովեստ» կինոփառատոնի ծրագրից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆիլմի պրոդյուսեր եւ ռեժիսոր Արմեն Գասպարյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին Արուսյակ Սերոբյանն է, որ, սցենարի համաձայն, կրծքում թաքցնելով փրկել է ավետարանը: Ֆիլմում ամենակարեւորն այն է, որ սովորական հայ կինը, քանդելով ընդունված կարծրատիպերը, ցույց է տալիս իսկական Հայաստանը՝ ինչպիսին է այն եւ ինչ Հայաստանի մասին էր նա երազում:

Արմեն Գասպարյանի խոսքով՝  «Հայկական հաց» ֆիլմը փառատոնին չի ներկայացվել Հայ Առաքելական եկեղեցու բացասական արձագանքի պատճառով:

Մերժումը հիմնավորելիս կինոփառատոնի ներկայացուցիչները մասնավորապես նշել են. «Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Եկատերինա» վանքի վանահայր տեր Սարգիսը (Չոփուռյան), որը փառատոնում ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցին, խնդրել է  «Հայկական հաց» ֆիլմը հանել կինոփառատոնի ծրագրից, քանի որ, ըստ նրա, ֆիլմը չի կարող ներկայացնել ՀԱԵ-ն: «Նեւսկի Բլագովեստ» կինոփառատոնի կանոնադրության համաձայն՝ մասնակից եկեղեցիների ներկայացուցիչները կարող են ցանկացած պահի փոփոխություններ կատարել ծրագրում»: Նրանք նաեւ հայտնել են, որ ֆիլմի հերոսուհու կերպարն արդիական է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար, սակայն չեն կարողացել ազդել հայր Սարգիսի դիրքորոշման վրա: