Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Գ. Բարսեղյանը 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապօրինի ձեռք է բերել զգալի չափի` 5-ական գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութեր եւ դրանք իրացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Ա. Թորոսյանին, որի դիմաց ստացել է 22 հազար դրամ վարձավճար:
2009թ. նոյեմբեր ամսին Գ. Բարսեղյանը կրկին անգամ ապօրինի ձեռք է բերել ու պահել է խոշոր չափի` 0.0186 գրամ քաշով բուպրենորֆին, 0.402 գրամ քաշով ացետիլացված ափիոն եւ 1.983 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները նոյեմբերի 25-ին Գ. Բարսեղյանը թաքցրել է համազգեստի փողկապի մեջ եւ Ա. Թորոսյանին իրացնելու նպատակով փորձել է փոխադրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածք: Սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները նույն պահին դրանք նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ. Բարսեղյանին եւ Ա. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել, գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:




























