Հայաստանի Ազգային ժողովը 2013 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությանն է ներկայացրել 406 առաջարկություն:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացրել է 49 առաջարկություն, որից 48-ը կառավարության կողմից ընդունվել են: Մերժվել է միայն ԱԺ ծախսերն ավելացնելու առաջարկը: ՀՀԿ առաջարկությունները հիմնականում ուղղված են այս կամ այն կրթօջախի հիմնանորոգմանը, ուսանողական վարձի փոխհատուցմանը: ՀՀԿ առաջարկով լրացուցիչ միջոցներ կհատկացնեն նաեւ հարկադիր կատարողներին:
«Օրինաց երկիր» կուսակցությունը կատարել է 32 առաջարկ: Այն առաջարկները, որոնք վերաբերում են այս կամ այն ուղղությամբ ֆինանսավորման ավելացմանը` կամ չեն ընդունվել, կամ խոստացել են դրանք քննարկել հետագայում: Այսպես` կառավարությունը մերժել է կուսակցություններին տրվող գումարն ավելացնելու, չաշխատող մայրերին մինչեւ 2 տարեկան երեխայի համար նպաստ հատկացնելու առաջարկները: «Օրինաց երկրի» առաջարկների մեջ կա նաեւ մի զավեշտալի վրիպակ` առաջարկվել է գումար հատկացնել մշակույթի տան հիմնանորոգման համար, առանց նշելու, թե որ մշակույթի տան մասին է խոսքը:
Կառավարությունը դրական է վերաբերել «Օրինաց երկրի» այն առաջարկներին, որոնք ենթադրում են ոչ թե ծախսերի ավելացում, այլ քաղաքականության վերանայում: Օրինակ` կառավարութան դիրքորոշումը դրական է նոտարական համակարգի կամ կոմունալ ծառայությունների համակարգի ազատականացման վերաբերյալ:
ԲՀԿ-ն ներկայացրել է 8 առաջարկություն, որից միանշանակ մերժվել է միայն մեկը` Ադրբեջանից Հայաստան բռնագաղթածների բնակարանային խնդիրները լուծելու վերաբերյալ: Մնացած առաջարկների վերաբերյալ նշվել է, որ դրանք կքննարկվեն 2013 թ. ընթացքում կամ էլ ծրագրերի ավարտից հետո: Օրինակ` ԲՀԿ-ն առաջարկել է ավելացնել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման գումարը, կամ ՓՄՁ սուբյեկտների աջակցությունը:
ՀՅԴ-ն ներկայացրել է 10 առաջարկություն, որոնք մեծամասամբ մերժվել են: Սակայն ՀՅԴ առաջարկությունները մյուս կուսակցությունների առաջարկներից տարբերվում են նրանով, ար ավելի հայեցակարգային բնույթ ունեն: Օրինակ` առաջարկվել է 50 մլրդ դրամով ավելացնել եկամուտների պլանը, կամ կտրուկ ավելացնել նվազագույն աշխատավարձը, բազմապատկել երեք եւ ավելի երեխաների միանվագ նպաստի չափը: Որոշ ուղղություններով ֆինանսական լրացուցիչ միջոցներ հատկացնելու առաջարկների վերաբերյալ (սահմանամերձ շրջաններ, ԼՂՀ տարաբնակեցում, գիտության աջակցություն եւ այլն) կառավարությունը տվել է խուսափողական պատասխաններ:
Կուսակցություններից ամենաշատ առաջարկություն ներկայացրել է «Ժառանգությունը»` 72: Հատկանշական է, որ «Ժառանգությունը» կրկնել է ՀՀԿ-ի առաջարկը` ավելացնել Ազգային Ժողովի ֆինանսավորումը, սակայն մերժում է ստացել: Կառավարությունը ընդունելի չի համարել նաեւ նվազագույն կենսաթոշակը 65 հազ. դրամ դարձնելու առաջարկը: Ընդհանուր առմամբ` կառավարությունը շատ ավելի կոշտ է վերաբերել «Ժառանգության» առաջարկներին, դրանք մեծամասամբ արժանացել են «չի ընդունվել» պատասխանին:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին` ապա նրա անունից առաջարկներ չկան: Փոխարենը ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն իր անունից է ներկայացրել մոտ 40 առաջարկություն: Սակայն նշենք, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է իր անունից առաջարկություն ներկայացրել, ինչից շատերն օգտվել են (անկախ իրենց խմբակցության դիրքորոշումներից):





























