Լոս-Անջելեսում գործող «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր վրդովմունքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «ապօրինի դատավճիռ կայացնելու առիթով»:
Ընկերակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է «hանուն Հայաստանի՝ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու հաշվեհարդարը, իրավական խնդիրների կարգավորման հարցերում չմիջամտել դատական ատյանների գործունեությանը, որի ապացույցը կարող է լինել քաղաքական հետապնդումների դադարեցումն ու քաղաքական հաշվեհարդարներից հրաժարվելը»։
Նրանք նաեւ դիմում են «Նիկոլ Փաշինյանի գործի օրինականությունը քննող վերադաս դատական ատյաններին՝ խնդրանքով եւ պահանջով, չենթարկվել Հայաստանի քաղաքական իշխանությունների հրահանգներին եւ զերծ մնալ օրինախախտումներից, կայացնել օրենքին համապատասխան որոշումներ, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնմանը, դատական իշխանությունների կայացմանը»:
Ընկերակցությունը ԱՄՆ պետդեպարտամենտից եւ ԵԽ բոլոր երկրների կառավարություններից պահանջում է ` ձեռնպահ մնալ ՀՀ կառավարության հետ բոլոր տեսակի հարաբերություններից, քանի դեռ Հայաստանում չեն դադարեցվել քաղաքական հետապնդումներն ու քաղաքական հալածանքներն, ակնհայտ եւ ապօրինի դատավճիռների կայացումը՝ ոչ թե դատական ատյանների, այլ երկրի քաղաքական ղեկավարության կողմից։ Ընկերակցությունը ակնկալում է վերոնշյալ երկրների միջամտությունը՝ Նիկոլ Փաշինյանին շուտափույթ ազատ արձակելու խնդրում։
Հայտարարության հեղինակները դիմում են նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական միավորներին, հասարակական կազմակերպություններին համասփյուռ Հայությանը, կոչով՝ պայքարել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարված անարդար դատավճռի բեկանման եւ նրա ազատման բոլոր գործընթացներին՝ հանուն մեր բոլորիս ազատության եւ ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր Նիկոլ Փաշինյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հունվարի 19-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Պաշտպանական կողմը պնդում է, որ Ն. Փաշինյանն իրեն մեղսագրվող արարքները չի կատարել եւ դատարանն էլ չի կարողացել ապացուցել մեղադրանքը եւ կայացրել է քաղաքական դատավճիռ:




























