Ռուսաստանյան ամսագրերից մեկի ընթերցողներին անակնկալ էր սպասվում. պարզվում է, որ նրանք 1 մլն ռուսական ռուբլի են շահել: Առաջարկվում էր ջնջել հավելվածում զետեղված պաշտպանիչ շերտը, եւ հնգանիշ թվերը շահող կոմբինացիայի հետ համընկնելու դեպքում երջանիկը «կարող է» ... 1 մլն ռուսական ռուբլի ստանալ: Նկատենք, որ «կարող են»-ը իզուր չէ չակերտում, քանի որ «կարող են»-ն ու «ստացել են»-ը տարբեր բաներ են...
Սակայն առավել սթափ ընթերցողները նկատում են նաեւ մանրատառ տեքստը, որտեղ էլ թաքնված է «միլիոնանոց շահումի» իսկական ենթատեքստը: Այդ տեքստում կազմակերպիչները պարզաբանում են, որ «շահողները» կստանան ապրանքների կատալոգը, եւ միայն ապրանքը պատվիրելու դեպքում հնարավորություն կունենան «հավակնել» մրցանակի: Այսպիսով, «միլոնանոց շահումը» ընկերությունների սովորական խայծն է, ովքեր շահագրգռված են ապրանքների պատվերների աճով:
Հայաստանում դեռեւս նման խաղարկություններ կարծես թե չկան: Սակայն կլինի: Ցավոք, հայրենական «ձեռնարկատերերը» փոխառում են իրենց արտասահմանյան գործընկերների «կասկածելի» փորձը, իսկ առաջավորով այնքան էլ չեն հետաքրքրվում: Բարեբախտաբար, մեր քաղաքացիներն ավելի սթափ են եւ գրավիչ գովազդներին չեն վստահում:
Շառլատանները բնակիչներին խաբելու բազմաթիվ մեթոդներ են մտածել: Օրինակ, եվրոպական մի շարք երկրներում լայնորեն կիևրառվում է միջազգային զբոսաշրջային ուղեւորության «մրցանակի շահումը»: Տհաճություններն ի հայտ են գալիս ավելի ուշ` ավտոբուսով անվերջանալի երթեւեկության ժամանակ:
Թոշակառու ուղեւորների համար էլ «լրացուցիչ» խորամանկություններ են կիրառվում: Խնդիրն այն է, որ արեւմտյան երկրների թոշակառուների հոգեբանությունը մի փոքր այլ է, եւ նրանք հեշտությամբ են հավատում այն ամենին, ինչ համառորեն ներշնչում են առեւտրի ներկայացուցիչները: Եւ տրվելով նմանտիպ շանտաժի, տարբեր պարատավորություններ են ստորագրում կամ գնում թանկարժեք անպիտան իրեր: Եւ ամեն ինչ արվում է «օրինական» կարգով...
Սա չի նշանակում, որ նման բան կատարվում է միայն «նրանց» մոտ, իսկ մեզ մոտ ամեն ինչ հարթ է: Բացի «զրոյական» վարկային դրույքաչափերից եւ խոշոր «զեղչերից», կան նաեւ ֆանտաստիկ շահումով վիճակախաղեր: Այդ «լոտոների» մասին վաղուց անեկդոտներ են շրջում, սակայն գնորդները կարծես քիչ չեն` դատելով վաճառողների թվից:
Մասնագետենրի հետ զրույցներում տողերիս հեղինակը պարզեց մեկ ուշագրավ հանգամանք: Պարզվում է, պետությունը չի վերահսկում` անթերի՞ են իրականացվում այդ վիճակախաղով շահումները, թե՞ խաբում են: Այսինքն, վիճակախաղի կազմակերպիչները հարկերը կանոնավոր կերպով վճարում են, իսկ թե այնտեղ ի՞նչ է կատարվում, ոչ ոքի չի հետաքրքրում: Բացի, բնականաբար, շարքային քաղաքացիներից` չարաբաստիկ վիճակախաղի տոմսերի գնորդներից...
Ալբերտ Խաչատրյան




























