Գիտությունների ազգային ակադեմիայում Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի քանի մտավորականներ օրերս համաժողով էին կազմակերպել եւ քննարկում էին Ցեղասպանության ճանաչմանը նվիրված կոնգրեսի հոբելյանական նախագիծը: Համաշխարհային հայկակական կոնգրեսը, որի նախագահն է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որոշել է Ցեղասպանության 100-ամյակին նվիված խորհրդանշական ծառատունկ կազմակերպել՝ Հայաստանի ամբողջ տարածքով տնկել 1,5 միլիոն ծառ: Համաժողովին ներկա էր նաեւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, որի հետ էլ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ե՛ւ այս միջոցառման, ե՛ւ այլ հարցերի շուրջ:
Պարոն Անանյան, Ցեղասպանության ճանաչմանը նվիրված ծառատունկի գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում: Լուրջ ծախսեր ու աշխատանք ենթադրող սիմվոլիկ ծառատունկն ու նման միջոցառումները ինչպե՞ս պիտի նպաստեն Ցեղասպանության ճանաչմանը:
Ես արդեն ասել եմ, որ մենք պետականորեն պիտի կարողանանք ստեղծել լուրջ հիմնադրամ ու այն լինի գերակա կառույցներից մեկի բաղադրիչը ու շատ օպերատիվ ամեն անգամ հարված տա զեղծարարությանը ե՛ւ քաղաքական, ե՛ւ գիտական, ե՛ւ մշակութային դաշտում: Մենք ինքնապաշտպանության խրամատից պիտի անցնենք հարձակման: Իսկ սա ես համարում եմ երիտասարդությանը համախմբող, միավորող միջռոցառում: Սա մի հատվածին տալիս է պատասխանատվության կարեւոր գիտակցությունը, որ այսօր դրսեւորվում է: Ուղղակի բոլորը պիտի համախմբված լինեն, միայն այսքանը չպիտի լինեն: Էսօր դաժան վիճակ է, 150 ծառ տնկեք եւ մի երեխա ունեցեք, արդեն ծնելիությունն ու մահացությունը միեւնույն մակարդակում են: Հայրենիքը զուտ բնակատեղի չէ, հայրենիքը այն է, որ հայ ծնենք ու աճեցնենք ծառ տնկելու հետ միասին:
Իսկ գրողները այդ ուղղությամբ ի՞նչ են անում:
Ես կարծում եմ՝ վերջապես մեր գրականությունը թոթափում է այն բարդույթը, որ մենք ունեինք Ցեղասպանության փաստի գեղարվեստական արտացոլման առումով: Այն անհաղթահարելի թեմա է հայ գրողների համար, եւ պատահական չէ, որ ցեղասպաության թեմայով լավագույն գործերը ստեղծել են օտարերկրացիները, եւ շարունակաբար այսօր էլ տարբեր երկրներում օտարագիր գրականության մեջ Ցեղասպանության թեման շարունակվում է, ըստ երեւույթին մեր սերունդների մաշկի մեջ այնքան է այն, որ չի հաղթահարվում, չեն կարողանում կտրվել, դրսից նայել այդ փաստին՝ իր ամբողջ ողբերգությամբ՝ համարժեք կտավը ստեղծելու համար։ Բայց կարծես թե դա հաղթահարվում է. օրերս պետական մրցանակ տրվեց մեր արձակի վարպետներից մեկի՝ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպին, որտեղ շատ հետաքրքիր պատկերավորման միջոցներով, մի գերդաստանի ճակատագրի միջոցով ցույց է տրվում այդ ամբողջ ողբերգությունը: Բայց այն շերտերը, որ մինչեւ այսօր շարունակվում է Ցեղասպանությունը, քանի դեռ կա թուրքական ուրացության քաղաքականությունը: Գրականության խնդիրը ճշմարտությունը բացահայտելն է եւ այն թարգմանաբար հասցնելը:
Իսկ գրողների միությունում կա՞ն համապատասխան պայմաններ՝ այդ գրականությունը ստեղծելու ու թարգամանաբար աշխարհին հասցնելու համար:
Այդ առումով փայլուն միջավայր է, անգամ խորհրդային կարգերի օրոք չի եղել… Այդ դժգոհողները մի տեսակ են, դրանց պիտի ասել` դժգոհողներ, ժխտողներ, նրանք մեր միջի ժխտողներն են, որոնց համար ուզում ես ձեռքիդ ափի մեջ ձվածեղ արա, կուտեն այդ ձվածեղը, մի երկուսն էլ կարող է թքեն ափիդ մեջ: Սա արդեն հավերժական այն տեսակն է, որ գալիս է 37 թվից:
Դուք նկատի ունեք այն գրողներին, որոնք հաճա՞խ են Ձեզ սուր քննադատության ենթարկում:
Չէ, իմ ինչը պիտի քննադատեն, ես գիշեր-ցերեկ զբաղված եմ գրական գործընթաց կազմակերպելով, որ կարծում եմ կամ կույր, կամ խուլ, կամ թույնի պարկուճ պետք է լինել, որպեսզի դա չտեսնել: Դա քննադատություն չէ, պարզ է, որ եթե պիտի ասեն՝ Լեւոն Անանյանը 1,5 միլիոն դոլար ունի, կամ Թբիլիսիում կազինո ունի, կամ շենքեր, ծախու լրագրողները, իրենք էլ դրանց վերաբերյալ պիտի խոսեն:
Պարոն Անանյան, իսկ հայ եւ թուրք գրողների համագործակցությունը ի՞նչ մակարդակում է:
Եղել են հանդիպումներ, Օրհան Փամուկի վեպը թարգմանվեց այստեղ, շնորհանդես արեցինք: Սա շատ նուրբ հարց է, այս տարածքում՝ Իրանի Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության հետ, նաեւ Մերձավոր Արեւելքի, եվրոպական որոշ երկրների հետ ստեղծագործական սերտ կապերի մեջ ենք: Ես կարծում եմ, որ արձանագրությունները կվավերացվեն եւ հարյուրամյա թշնամու հետ մի օր պիտի հարաբերությունները բարելավվեն։ Երբ այս բոլոր հարցերը լուծվեն, ես կարծում եմ, որ մենք առաջիկա տարիների ընթացքում պետք է կարողանաք փոխայցելություններ կազմակերպել եւ հատկապես թարգմանության դաշտում, մենք ավելի շահագրգիռ ենք՝ ավելի լավ ճանաչելու թուրք ժողովրդին: Մենք պիտի էդ կաղապարները թոթափենք, որ ժամանակակից թուրքը՝ յաթաղանը ձեռքին թուրքը չէ, մենք էլ թփերի տակի ֆիդայիները չենք, որ հրացաներով կրակում ենք: Առաջին քայլը ամենադժվարն է, հենց սա պիտի հաղթահարենք ու կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել:
Պարոն Անանյան, մոտ մեկ ամիս առաջ մի խումբ գրողներ դատախազություն դիմում են ուղարկել` ահազագելով ձեր թալանի ու, ապօրինի գործողությունների ու մի շարք աղաղակող խախտումների մասին: Ի՞նչ է սպասվում Ձեզ:
Այդ նույն դատարանը դրանց հիմարությունները նույն որակի, նույն մակարդակի մերժել ու շպրտել է: Ուղղակի նրանք ոչնչություն են, եւ ես նրանց դատի տալով` ընդամենը կհերոսացնեմ իրենց: Դրանք ուրիշի շենքեր են ուրիշի հողամասի վրա, փաստում են, որ իմն են: Ես նույնիսկ հաշվեհամար չունեմ: Շատ լավ է, ինձ դատի տվեք, լավ է, որ չգիտեն, որ ես վիլլաներ ունեմ, շվեյցարական բանկերում փողեր ունեմ:
Այդ թշնամական մթնլորտը գրողական միջավայրում մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի:
Այդ տականքը բոլոր ժամանակներում եղել է՝ 37 թվից, Չարենցի, Իսահակյանի օրոք էլ եղել է:




























