Մոսկվայում երեկ կայացել է կինեմատոգրաֆի ազգային ակադեմիայի կողմից անցկացվող «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
2009թվ. ռուսական խաղարկային լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Վալերի Տոդորովսկու «Стиляги»-ն։ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթել է Անտոն Չեխովի համանուն գործի հիման վրա նկարահանված Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմը։
Անիմացիոն ֆիլմերի մրցույթում հաղթել է «Ճշմարտացի պատմություն երեք խոզուկների մասին» ֆիլմը։ Ռուսական վարձույթներում ամենամեծ հաջողություն ունեցած ֆիլմ է ճանաչվել «Միլիոնատերը ետնախորշից» կինոնկարը։
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել «Տարաս Բուլբայում» խաղացած Բոգդան Ստուպկան։ Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Նատալյա Նեգոդան։
Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար մրցանակ է շնորհվել Կլոդ Լելուշի «Տղամարդը եւ կինը» ֆիլմում խաղացած ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեին։
Հայրենական կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար հետմահու պարգեւատրվել է նաեւ Օլեգ Յանկովսկին, ով խաղացել է «Աննա Կարենինա» եւ «Ցարը» ֆիլմերում։




























