Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն պատրաստ չէ կամավոր հեռանալ իր պաշտոնից: «Սահմանադրության համաձայն, կառավարությունը չի կարող հեռանալ: Եթե խորհրդարանը կառավարությանն անվստահություն է հայտնում, ապա մենք մնում ենք ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչեւ այն պահը, երբ խորհրդարանում նոր կոալիցիա կձեւավորվի, որն էլ նախագահին կառաջարկի վարչապետի իր թեկնածուին եւ նախարարներին»,- հիշեցրել է Տիմոշենկոն:

«Ինտեր» հեռուստաընկերության ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ընդունել իր հնարավոր պարտությունը նախագահական ընտրությունների փետրվարի 7-ին տեղի ունենալիք երկրորդ փուլում, եթե ուկրաինացիների մեծ մասն իր ձայնը տա Վիկտոր Յանուկովիչի օգտին, Տիմոշենկոն կոչ էարել «նման կերպ մարդկանց մոտ տպավորություն չգործել»:

«Միայն ընտրությունները կտան պատասխան այն հարցին, թե ով կլինի հաղթողը»,- ընդգծել է նա, վստահություն հայտնելով, որ «ընտրողների ընտրությունը արժանի կլինի»:

Տիմոշենկոն նաեւ հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում «կվերածնի Ուկրաինայի իսկական պատմությունը, որպեսզի արեւմտյան եւ արեւելյան շրջաններում ապրող մարդիկ միանման ընկալեն պատմությունը: Երկրին պետք է միասնական պատմություն, որպեսզի հանենք սեւ խորհրդային քարոզչությունը եւ հասկանանք Ուկրաինայի ճշմարիտ, իրական պատմությունը»,- ասել է վարչապետն ու ընդգծել. «Ուստի ես կշարունակեմ Յուշչենկոյի աշխատանքը այդ ուղղությամբ: Բոլոր հերոսները, ովքեր պաշտպանել են երկրի անկախությունը, պետք է լինեն հերոսներ»: