2012 թվականին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով միջազգային կազմակերպությունների հետ տարված աշխատանքի մեջ գրանցվել են որոշակի դրական տեղաշարժեր։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով՝ աշխարհում սկսում է տիրել  ազգի ինքնորոշման իրավունքի գերակայության տեսակետը, ինչը շատ կարեւոր է. «Եթե մի քանի տարի առաջ հայկական դեսպանությունների անդամներին եվրոպական կառույցներում շատ դժվար էր հիմնավորել, որ ազգի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է գերաիշխող նորմ՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ , ապա վերջին տարում զգացվում է, որ ոչ ոք չի փորձում վիճարկել այն»։

Զոհրաբյանը միաժամանակ նշել է նաեւ, որ այդ ուղղությամբ դեռ շատ բան պետք է ձեռնարկվի՝ հաշվի առնելով այն ահռելի ֆինանսական ռեսուրսները, որ Ադրբեջանը ծախսում է Ղարաբաղյան հարցի էությունը խեղաթյուրելու համար. «Կարեւոր է, որ փոխվել է եվրոպական երկրների՝ ինքնորոշման մասին իրավունքի ընկալումը։ Նույնիսկ այն եվրախորհրդարանները, որոնք ադրբեջանական նավթադոլարների ազդեցությամբ հանդիսանում են ադրբեջանամետ, արդեն ձեռնպահ են մնում ազգի ինքնորոշման իրավունքի հարցում։ Հայաստանը նավթադոլարներ չունի, բայց մեր կողմից ճշմարտությունն է եւ մենք հաջողության պետք է հասնենք համագործակցված աշխատանքով, որպեսզի դե ֆակտո անկախ Ղարաբաղը ճանաչվի դե յուրե»։