Վերջին պաշտոնական տվյալներով՝ երկրում բնակվում են 1274 հույն, սակայն հունական համայնքի տեղեկություններով՝ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակվում են մոտ 4 հազար հույն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության ղեկավար Արկադի Խիտարովը։
Նրա խոսքերով՝ հունական հասարակական կազմակերպություններից երեքը իրենց գործունեությունը ծավալել են Երեւանում, մնացածները Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Ալավերդիում, Ստեփանավանում եւ Նոյեմբերյանում։ Հույները նաեւ բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Նեփհանա գյուղում։
Հույների կողմից բոլոր խիտ բնակեցված վայրերում, բացի Հրազդանից, Խիթարովի խոսքերով՝ գոյություն ունեն կիրակնօրյա դպրոցներ, որտեղ երեխաները սովորում են իրենց հայրենի լեզուն։ Ուսուցիչները պատրաստվում են Հունաստանում, դասագրքերի հետ կապված հարցերը լուծում է Հունաստանի կառավարությունը։ Երեւանում գոյություն ունի հունական երկու գործող համույթ։
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին համայնքի անդամների ցուցաբերած ակտիվությանն անդրադառնալով, Խիթարովը հիշեցրեց, որ այն ունի խորհրդարանական ներկայացուցիչ, եւ համայնքը միշտ աջակցում է նրան։





























