Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրություններում հաղթած Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիան «կործանողների բրիգադ» է կոչել:
«Ընտրություններից առաջ ես հայտարարեցի, որ, ցավոք, կործանողների բրիգադի գալու վտանգ գոյություն ուներ»,-ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարությունը, թե չարդարացված շինությունների շինարարությունը կդադարեցվի:
«Երեկ Վրաստանի կառավարությունը, ցավոք, եւս մեկ անգամ հայտարարել է կործանման շատ մեծ ծրագրի մասին: Ժամանակակից դարաշրջանում քաղաքական դրդապատճառներով կործանումների միակ օրինակ կարող է ծառայել Աֆղանստանում թալիբների կողմից իրականացված ավերումները: Ես չեմ կարծում, որ 21-րդ դարում Վրաստանը պետք է ողջ աշխարհում հայտնի դառնա թալիբացմամբ եւ նոր ժամանակաից շինությունների ավերմամբ»,-հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:
Իր հերթին, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահի այդ արտահայտությունները «անամոթ» է որակել: «Նախագահի այդ խոսքերից ոչինչ չի փոխվում, Վրաստանի ժողովուրդը հրաշալի տարբերում է սեւն ու սպիտակը: Ոչ մի երկրում այդքան միջոցներ չեն ծախսվել նախագահի համար նստավայրեր ու ամառանոցներ կառուցելու վրա, որքան դա տեղի է ունեցել Վրաստանում՝ Սահակաշվիլիի ժամանակ»,-ասել է երկրի վարչապետը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», Բիձինա Իվանիշվիլին նախօրեին «ահավոր» էր անվանել Թբիլիսիի Ռիկեի այգու տարածքում շինության շինարարությունը եւ խորհուրդ էր տվել դադարեցնել շինարարությունը, վերանայել այդ նախագիծը: Իվանիշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսիի քաղաքապետարանն իրավունք չունի գումարներ ծախսել նմանատիպ նախագծերի վրա, երբ քաղաքում բազմաթիվ վթարային շենքեր կան:




























