«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր` դեկտեմբերի 20-ին, հանդիպել է լրագրող Մհեր Արշակյանի հետ: Քիչ առաջ ավարտվել է  հանդիպումը: Մհեր Արշակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը ԱԺ նախագահը իր ափսոսանքն ու ցավն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: 

ԱԺ նախագահը լրագրողին առաջարկել է իր ներկայությամբ հանդիպել Մհեր Սեդրակյանի հետ, խոսել, հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այս ամենը: Հարցին, թե կհանդիպի՞ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի հետ, թե՝ ոչ, լրագրողը պատասխանեց. «Կհանդիպենք նրա հետ հարցազրույցների ժամանակ»:

ԱԺ նախագահի հետ կայացած հանդիպմանը քննարկել են նաեւ դեպքի առթիվ Էթիկայի հանձնաժողով դիմելու հնարավորությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Facebook սոցցանցում միջադեպի առնչությամբ իրենց բողոքի ձայնը բարձրացրած եւ նամակով ԱԺ նախագահին դիմած լրագրողները չեն կարող դիմել Էթիկայի հանձնաժողով, դա պետք է անի հենց Մհեր Արշակյանը: «Ա1+»-ի լրագրողը պատրաստվում է դիմել Էթիկայի հանձնաժողով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Մհեր Սեդրակյանի արարքի համար լրագրողից ներողություն էին խնդրել ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իսկ ահա միջադեպի հերոսը՝ Մհեր Սեդրակյանը ոչ միայն չի պատրաստվում ներողություն խնդրել, այլեւ հայտարարել է, որ դեռ լրագրողը պետք է իրենից ներողություն խնդրի, քանի որ խանգարել է իրեն: «Էդ կարգի լրագրողին ամեն ինչ հասնում ա ասել եւ անել»,-1in.am-ին տված հարցազրույցում է ասել է Սեդրակյանը:

Այս միջադեպի առնչությամբ, մի խումբ լրագրողներ Facebook-ում խումբ են ստեղծել եւ նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահը կարգի հրավիր լրագրողների հանդեպ «ոչ հարգալից արտահայտություններ» թույլ տվող պատգամավորներին` մասնավորապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) եւ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր):

«Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին եւ պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»,-ասված է նամակում:

Բացի այդ, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները որոշել են այս միջադեպի կապակցությամբ դիմել նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողով: