Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մեծ մամուլի ասուլիսում իր առողջական խնդիրների մասին տարածված լուրերին պատասխանել է «ավանդական» ձեւով՝ «Հույս չունենաք»: Ավելին, նա հայտարարել է, որ իր առողջական խնդիրների մասին լուրերը ձեռնտու են իր քաղաքական ընդդիմախոսներին, ովքեր փորձում են կասկածի տակ դնել իշխանությունների լեգիտիմությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը սկսել էին շրջանառվել 2012-ի նոյեմբերի վերջից: Լրատվամիջոցները գրում էին, որ Պուտինը վնասել է մեջքը, ինչի պատճառով քիչ է գնում Կրեմլ եւ ստիպված է եղել հետաձգել արտասահմանյան այցերը:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն ժամանակ հայտարարել էր, որ այցերի հետաձգման պատճառը ոչ թե վնասվածքն է, այլ ճանապարհներին իրավիճակը չվատացնելու նրա ցանկությունը: Դեկտեմբերի սկզբին Պեսկովը, հերթական անգամ մեկնաբանելով նախագահի առողջության մասին լուրերը, հայտարարել էր, որ այդ թեմայով բոլոր խոսակցությունները շահարկումներ են:
Նոյեմբերի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Reuters- հետ զրույցում պատմել էր, որ Պուտինը ըմբշամարտի ընթացքում վնասվածք է ստացել: Ուշագրավ է, որ Լուկաշենկոյի կայքում տեղադրված հարցազրույցից Պուտինի առողջությանը վերաբերող հատվածները հանվել էին:




























