ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը հիմնարկություններ ունի, որոնք կանգնած են եւ չեն աշխատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գոհար Ենոքյանը: Նրա խոսքով, պատճառներից մեկն էլ ֆինանսատնտեսական ճգնաժամն է: «Եթե կարողանայի դրամաշնորհի հարց լուծել, ձկնաբուծարան կա, որը կարող էի աշխատեցնել: Կամ, եթե գնորդ լիներ, հաճույքով կվաճառեի»,- ավելացրեց նա:

Գոհար Ենոքյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական գործունեությունը թողնելուց հետո, հավելյալ 40 աշխատակիցներ է ընդունել «Գարուն» կարի արտադրամաս եւ զբաղվում է տարբեր երկրների համար հատուկ հագուստների արտադրությամբ: «Հիմնականում Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար ենք հատուկ հագուստներ արտադրում: Իսկ Վրաստանի զինվորականների հագուստների պատվերն արդեն ավարտվել է»,-ասաց նա:

Գործարար կինը հավաստիացրեց, որ ոչ մեկին ոչ մի կոպեկ տալիք չունի: «Փառք Աստծո, ոչ ոքի ոչ մի կոպեկ տալիք չունեմ: Կայուն բոլորի աշխատավարձները վճարում եմ: Յուրաքանչյուր ամիս մինչեւ ամսի 5 բոլորին վճարում եմ»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական գործունեությանը, նա ասաց, որ բավականին մեծ տարիք ունի եւ երկիրը պետք է երիտասարդներն առաջ տանեն, քանի որ իրենք են հետագայում ապրելու այդ երկրում: «Իմ տարիքը մեծ է, որ լինեի 40-50 տարեկան, կասեի. «Այո, մի անգամ էլ դնեմ թեկնածությունս, բայց հիմա՝ ոչ»,- ամփոփեց Գոհար Ենոքյանը: