ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանի հեռանալն ու առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրությունը դժվար է Կոնգրեսի փլուզման սկիզբ կոչել, քանի որ ՀԱԿ-ի բազմաթիվ անդամներ վաղուց լքել են այդ քաղաքական միավորման շարքերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, Բագրատյանի հեռանալը նշանավորում է ՀԱԿ-ի հետագա պառակտումը: «Բագրատյանը հայտարարել է, որ առաջադրվելու է ոչ Կոնգրեսի կողմից, այսինքն սա ոչ թե փլուզում է, այլ պառակտման շարունակություն, սակայն ՀԱԿ-ի վերջնական դիրքորոշումը մենք կիմանանք երկու օրից»,-ասաց Մինասյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում, նշելով, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ինքը կհանի իր թեկնածությունը:





























