Ըստ քաջատեղյակ աղբյուրի՝ Հրանտ Բագրատյանը իր որոշումը՝ լքելու ՀԱԿ քաղխորհուրդը եւ իր թեկնածությունն առաջադրելու, կայացրել է ոչ թե հենց այնպես, այլ ՀԱԿ-ը բավականին ժամանակ առաջ լքած Դավիթ Շահնազարյանի դրդմամբ։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Դավիթ Շահնազարյանը, թեեւ նույն Բագրատյանի հետ ուներ բավականին բարդ հարաբերություններ, այնուամենայնիվ բավականին տեւական հանդիպումների եւ զրույցների արդյունքում կարողացել է համոզել Հրանտ Բագրատյանին, որ առաջադրվելը ճիշտ քայլ է եւ կարող է անսպասելի հաջողություն ունենալ։ Նրա փաստարկներից մեկն այն էր, որ Բագրատյանը կարող է դառնալ արեւմտամետ կամ հակառուսական տրամադրություն ունեցող ընտրողների համախմբման կենտրոն, որ նա կարող է իր կողմը քաշել ավանդաբար Րաֆֆիին քվե տվող մայրաքաղաքային լիբերալ ինտելեգենցիային եւ բոհեմի ներկայացուցիչներին։ Վերջին կաթիլը, որ «քար ծակեց» եւ դրդեց Բագրատյանին անելու երեկվա հայտարարությունը, Գելլափի հարցումներն էին, որոնք փլեցին ԼՏՊ-ի հետ կապված բոլոր պատրանքները եւ համոզեցին, որ ՀԱԿ առաջնորդը Հայաստանի ամենամերժելի գործիչն է։ Ի դեպ, մեր աղբյուրի պնդմամբ, Գելլափի արդյունքները Դավիթ Շահնազարյանի ձեռքում հայտնվել էին ավելի վաղ, քան տեղի էր ունեցել դրանց հրապարակումը»,- գրում է «Իրավունքը»։