Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, քիչ անց կմեկնարկի «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը (ֆոտոռեպորտաժ): Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Նախ, կլսեն կուսակցության քաղաքական խորհրդի հաշվետվությունը, այն կզեկուցի «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Այնուհետեւ կլինի կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, զեկուցող՝ Նորիկ Եղիազարյան: «Հանրապետության» համագումարին կկայանա կուսակցության քաղաքական խորհրդի ընտրություն, վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն եւ 6-րդ համագումարի բանաձեւի ընդունում: Համագումարը կտեւեի մինչեւ ժամը 17.00-ն:

«Հանրապետության»  համագումարին  ներկա են «Հանրապետություն» կուսակցության անդամներ, համակիրներ, հրավիրված  են քաղաքական գործիչներ, կուսակցություններ: Հրավիրել են նաեւ ՀԱԿ-ից անդամներ: Համագումարին ներկա է նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելու ցանկություն հայտնած «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկատների» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը, Արարատ Զուրաբյանը, Սասուն Միքայելյանը, Դավիթ Շահնազարյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, «Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ այլ քաղաքական գործիչներ:  Ինչ վերաբերում է Սմբատ Այվազյանին, Արամ Սարգսյանը նշեց, որ վերջինս հանդիսանում է «Հանրապետություն» կուսայցության քաղխորհրդի անդամ: «Հետեւություններ դուք արեք՝  նա այստեղ է, թե` ոչ»,- ասաց նա՝ շեշտելով, որ Սմբատ Այվազյանը հրավերով չի մասնակցում համագումարին եւ ինքն է որոշում՝ մասնակցել կուսակցության համագումարին, թե` ոչ:

Խոսելով ՀՀՇ-ին չհրավիրելու մասին` «Հանրապետության» առաջնորդը նշեց, որ «սա իրենց համագումարն է, եւ իրենք են որոշում՝ ում հրավիրեն, ում՝ ոչ: «Ոնց նպատակահարմար ենք գտել, այդպես ենք արել: Դա փոխադարձ է, իրենք էլ մեզ չեն հրավիրել»,- ասաց Արամ Զավենի Սարգսյանը, հավելելով, որ Դավիթ Շահնազարյանին ու Արարատ Զուրաբյանին են հրավիրել: «ՆՐանք են մեզ համար ՀՀՇ-ն»,- նկատեց Սարգսյանը:

Հարցին, թե եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրվել, ո՞րն է լինելու իր քայլը, նա պատասխանեց, որ իր ելույթում բոլոր հարցերի պատասխանները կգտնեն: Անդրադառնալով «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հայտարարությանը՝ նա ասաց, որ նրա որոշմանը հարգանքով է վերաբերում: 

Նշենք, որ համագումարը կվարի Սուրեն Աբրահամյանը: Քիչ առաջ «Հանրապետություն» կուսակցության համագումարում ընտրեցին համագումարի ղեկավար կազմը: Բոլորը միաձայն կողմ քվեարկեցին եւ ընտրեցին Արամ Զավենի Սարգսյանին, Սուրեն Աբրահամյանին եւ Արտակ Զեյնալյանին: Միաձայն ընտրվեց նաեւ քարտուղարության, հաշվիչ, մանդատային հանձնաժողովների կազմերը:

Լուսանկարն՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am