Այսօր՝դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 12:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ Գեւորգ Մարգարյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 26 ՏՕ 256 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել բետոնե արգելապատնեշին: Բախման արդյունքում կանխվել է մեքենայի ձորն ընկնելը:
Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մեքենայում գտնվող ուղեւոր, 59-ամյա Հրանուշ Սիմոնյանը, ում վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Վթարի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները հետաքննիչ Դավիթ Խանաղյանի գլխավորությամբ:
Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























