Նախաքննական մարմինը կարճել է Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով հուլիսի 1-ին Երեւանում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ մեղադրվում էր խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Քրեական հետապնդումը որոշվել է դադարեցնել "ապացույցների անբավարարության հիմքով:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները հուլիսի 1-ին ահազանգել էին, որ Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի եւ բռնության են ենթարկվել ընդդիմության հուլիսի 2-ի արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս: Տիգրան Առաքելյանը եւ իր ընկերներից երկուսը վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ըստ երիտասարդների՝ «Փարիզյան սուրճ» խանութի մոտ իրենց վրա հանկարծակի հարձակվել էին 10-15 անձինք` քաղաքացիական հագուստներով, առանց ներկայանալու եւ առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու, փորձել են խլել բարձրախոսն ու թռուցիկները եւ տեսնելով, որ չի հաջողվում, սկսել են հայհոյել ու զենքերի կոթերով հարվածել, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Ոստիկանության միջադեպի մասին տարածած հաղորդագրության համաձայն` երիտասարդներն են բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, փայտերով ու մահակներով ծեծել են, երբ ոստիկանները վկայականները ցույց են տվել ու փորձել հարթել շուրջ 6 տասնյակ մարդկանց վիճաբանությունը, արդյունքում` ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյանը տեղափոխվել էր հիվանդանոց։