Փետրվարի 2-ին «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության նախագահ Ռ.Թորոսյանը Սահմանադրական դատարանին դիմում է ներկայացրել, որտեղ վիճարկում է Ընտրական օրենսգրքի 63.1-րդ հոդվածի 2-րդ մասի եւ Վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույթների սահմանադրականության հարցը:
Ըստ այդմ, Ռ. Թորոսյանը նշում է, որ 10-րդ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, հունվարի 14-ին ամփոփել է ընտրության արդյունքներն, առանց հաշվի առնելու իր` ընտրող Ռ.Թորոսյանի, Վարչական դատարանում առկա երկու հայցադիմումները, որոնց վերաբերյալ բողոքներն արդեն գտնվում են Վճռաբեկ դատարանում: Իսկ խոսքը գնում է հայցադիմումներում բերված այնպիսի օրինախախտումների մասին, որոնք կարող էին եւ ազդել են քվեարկության արդյունքների վրա: ԸԸՀ-ը տեղի ունեցածը բացատրում է նրանով, որ ԿԸՀ-ից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Վարչական դատարանում չքննված դիմումներ չկան:
Այդ կապակցությամբ, Կազմակերպությունը Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի նախագահի կողմից պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման մասին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը»:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի են ունեցել պատգամավորական լրացուցիչ ընտրություններ, որտեղ էլ, ըստ Ռ. Թորոսյանի, տեղի են ունեցել իր կողմից բերված խախտումները:




























