Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմի եւ աշխատակարգի մասին որոշման նախագիծ:

Սահմանված է, որ կարգապահական հանձնաժողովը կգլխավորի ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը: Կազմում կընդգրկվեն նաեւ ոստիկանության շտաբի պետը, ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը, ոստիկանության իրավաբանական վարչության պետը, ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ եւ հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:

Այսպիսով՝ Հանձնաժողովը կունենա 11 անդամ:

Հանձնաժողովի նպատակը հավաքների ժամանակ ոստիկանների կարգապահական խախտումների քննարկումն է:

Հասարակական կազմակերպությունները իրենք պետք է առաջադրեն իրենց թեկնածությունները: Ոստիկանությունն ընդունում է հկ-երի հայտերը, ու իր հայեցողությամբ դրանք ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը:

Նշենք, որ սույն որոշումը բխում է 2012 թ. մարտին ընդունված «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի փոփոխություններից: