Ղազախստանի ԱԳՆ ղեկավար-պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւը փետրվարի 5-ին մասնակցելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ ներկայացնելու է ԵԱՀԿ Ղազախստանի նախագահության գերակայությունները: Այդ մասին, ինչպես հաղորդում է Today.kz-ը, ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ասկար Աբդրախմանովը:

Նրա խոսքով, Նյու Յորքում նախատեսված է ԱԳՆ ղեկավարի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ ԵԱՀԿ-ում 2010թ. նախագահության հիմնական խնդիրների եւ նպատակների վերաբերյալ, նաեւ նրա հանդիպումները ՄԱԿ-ի ղեկավարության հետ:

Ինչպես նշել է Աբդրախմանովը, Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, որ կայանալու է փետրվարի 2-4-ին, Սաուդաբաեւը քննարկելու է ռազմավարական համագործակցության հարցեր:

«Հիլարի Քլինթոնի եւ ԱՄՆ վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը ժամանակ նախատեսվում է քննարկել Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ արդիական ռազմավարական համագործակցության հարցեր, նաեւ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում»,- նշել է նա: