«Ամիսներ առաջ Երեւանի պետական համալսարանից սկիզբ առավ մեծ բարեգործական շարժում, որի մեջ ընդգրկված էին հարյուրավոր ուսանողներ: Այդ շարժման հիման վրա ստեղծեցինք երիտասարդ համալսարանականների միությունը, որի նպատակն է ոչ միայն բարեգործական ակցիաներ կազմակեպելը, այլեւ այն դարձնել միավորիչ մի կազմակերպություն»,- փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նորաստեղծ Երիտասարդ համալսարանականների միավորման նախագահ Գեւորգ Մելքոնյանը:

Նշենք, որ երիտասարդ համալսարանականներն իրենց առաքելությունը իրականացնում են հունվարից: Նրանք մայրաքաղաքի ու մարզերի անապահով ընտանիքներին հագուստներ ու այլ իրեր են բաժանում: ՀԿ-ի հովանավորներից է Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, որը ԵՊՀ-ում Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ է:

NEWS.am-ի այն հարցին, թե առանց լուրջ ներդրումների ինչ հեռանկար կարող է ունենալ համալսարանականների կազմակերպության գործունեությունը, ՀԿ-ի նախագահը պատասխանեց. «Դեռեւս մեզ համար չկա պետական աջակցություն, մեր երիտասարդների միջոցներն է շարժումն օգտագործում: Ես համոզված եմ, որ մեր շարժումն ավելի կմեծանա»:

Ի դեպ ասուլիսի եկած երիտասարդները դատարկաձեռն չվերադարձան, հենց տեղում էլ փորձեցին ներկաներից որեւէ օգուտ քաղել, առաջարկեցին հագուստներ ու այլ իրեր նվիրաբերել աղքատներին: Որոշ էմոցիոնալ լրագրողներ հենց նույն պահին համարներ փոխանակեցին ու խոստացան հագուստով ու այլ իրերով օգտակար լինել անապահով խավին:

Փաստորեն այս կազմակերպությունն էլ, մեր պետական կառույցների եւ մի շարք կազմակերպությունների նման, շահարկելով անապահով ընտանիքների թեման, իրենց համար կամ աշխատատեղ են ստեղծում, կամ էլ կարիերան զարգացնում: