Ռուսաստանի արտաքին քաղաքականության բնական առաջնահերթությունը ԱՊՀ երկրների տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանումն է պարզ եւ հստակ սկզբունքների հիմքով. այնպիսի սկզբունքների, ինչպիսին են իրավահավասարությունը, փոխշահավետությունը, կամավորությունը, փոխադարձ հարգանքը եւ միմյանց շահերի հետ հաշվի նստելը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում, ամփոփելով 2012թ. արդյունքները եւ խոսելով Ռուսաստանի 2013թ. արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հավանության արժանացավ հետագա զարգացման բազմակողմ համագործակցության հռչակագիրը, ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման մասին համաձայնագիր ստորագրվեց: Խոշոր ձեռքբերում էր ԱՊՀ շրջանակում ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ուժի մեջ մտնելը», - թվարկել է Լավրովը:
«Ակտիվ աշխատանք է տարվել 2015թ. հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ստեղծելու ուղղությամբ: Այն միտված է դառնալու պատմական նոր ուղենիշ ոչ միայն «եռյակի» պետությունների, այլեւ ԱՊՀ տարածքի մյուս երկրների համար», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ըստ Լավրովի, դրա ներուժը շարունակել է աճել:
Լավրովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել աշխատանքը` ելնելով հավասար եւ անքակտելի անվտանգության ապահովման սկզբունքից՝ ինչպես եվրոատլանտյան, այնպես էլ ասիական-խաղաղօվկիանյան տարածաշրջանում: «Հենց նման մոտեցումն ենք մենք առաջ տարել Դուբլինում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում», - հայտարարել է Լավրովը:




























