Իշխանությունների հետ երկխոսությունը եւ հայտնի քաղաքագիտական վերլուծությունը Հայ ազգային կոնգրեսի գործունեության վրա երկու ամենակարեւոր, ամենաբացասական հետեւանքները ունեցած սխալներն են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում կայացած Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այդ երկու սխալները վատ ազդեցություն են ունեցել ընդդիմադիր դաշտում եւ ԲՀԿ-ի հետ հայտնի խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ընդդիմադիր դաշտում տեղի է ունեցել մի աննախադեպ պայթյուն, որը նախկինում երբեք չի եղել»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ում իր ունեցած անհամաձայնություններին` նա նշեց. որ իրեն համարելով հրապարակային գործիչ, փորձել է այնպես անել, որ հանրությունն իմանա իր բոլոր անհամաձայնությունների, մտավախությունների մասին:
«Մենք` որպես ընդդիմություն, հանրությանը բացատրելու շատ բան ունենք, միայն իշխանությունը չէ պատասխանատու իր գործողությունների համար: Ընդդիմության լիդերները նմանապես պատասխանատու են հանրության առաջ, ամենեւին չի խանգարի, որ մենք ներողություն խնդրենք հանրությունից՝ նրա հույսերը չիրականացնելու համար»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ կարող է հենց հիմա ներողություն խնդրել հանրությունից այն բանի համար, որ 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հանրությունը ռեալ փոփոխությունների հույսեր չի կապում ոչ մի ուժի հետ: «Այս իրավիճակի համար պատասխանատու ենք նաեւ մենք` ընդդիմությունը, այո, պատասխանատու է նաեւ ՀԱԿ-ը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե հանրահավաքներ կլինեն, թե՝ ոչ, նա պատասխանեց, որ ոչինչ չի կարող ոչ բացառել, ոչ պնդել, ամեն ինչ կախված է իրադարձությունների ընթացքից:





























