Ընդդիմության դաշտում տեղի է ունեցել լուրջ երկրաշարժ եւ այն առաջացրել է լուրջ ավերածություններ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում կայացած Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրմանը` նա նշեց, որ նախկինում տեղի ունեցած որոշակի իրադարձություններ իրեն հիմք էին տալիս ենթադրելու, որ առաջին նախագահը չի առաջադրվի 2013թ ընտրություններում: «Մյուս կողմից, ՀԱԿ-ում կար կոնսենսուս նախագահի թեկնածուի շուրջ, եւ որպես ՀԱԿ-ի անդամ, մաքսիմալ ջանքեր եմ գործադրել, որ այդ կոնսենսուսը կայանա եւ շարունակի մնալ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում շեշտեց, որ դեռեւս պատրաստ չէ վերջնական դիրքորոշում հայտնել` նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի սատարել-չսատարելու վերաբերյալ: «Չգիտեմ` ինչքանով է ազնիվ ՀՀ քաղաքացու նկատմամբ, որ ես գնամ մարդուն ասեմ` քվեարկիր այս թեկնածուի օգտին, եթե հարյուր տոկոսով համոզված ես, որ այդ թեկնածուն չի հաղթելու: ՀՀ քաղաքացին արժանի է, որ իր հետ լինենք ծայրահեղ ազնիվ, անկեղծ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:





























