Հայ ազգային կոնգրեսի անդամ, Գառնիկ Մարգարյանի գլխավորած «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ոչ մի թեկնածուի չի սատարելու, պայքարելու է ռեժիմի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գառնիկ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանին սատարելուն, նա նշեց. «Աստված իր հետ, ինքը քիչ շանսեր ունի, ինչո՞ւ իզուր տեղը տկլորանալ, ջուրն ընկնել»: 

Գառնիկ Մարգարյանը նշեց, որ ՀԱԿ-ի վերջին մասին խոսող քաղաքագետները չարաչար սխալվում են. «ՀԱԿ-ը անալիտիկները չեն ստեղծել, ՀԱԿ-ը լրջագույն կառույց է, մենք պահպանելու ենք եւ այդ մանր-մունր, ովքեր կան, պետք է թողնեն, ՀԱԿ-ից գնան, մենք մեր ՀԱԿ-ին տեր ենք կանգնելու»,-  ասաց Գառնիկ Մարգարյանը:

«Հայրենիք եւ պատիվը» հստակ որոշել է մնալ ՀԱԿ-ի կազմում եւ փորձել փոխել ինչ-որ բան: Իսկ թե կոնկրետ ինչ են պատրաստվում անել, նա խոստացավ հայտնել առաջիկայում: Հանրահավաքների վերսկսման վերաբերյալ էլ Գառնիկ Մարգարյանը նշեց, որ նախ իրենց կուսակցությունում կքննարկեն, հետո էլ կտեսնեն:

«Պառլամանետական ընտրություններից առաջ ՀԱԿ 17 կուսակցություններից 13-ը մեզ հետ համաձայն է եղել եւ փաստաթուղթ էինք ստորագրել, հետո սկսեցին համոզել ուժերի մի մասին, մենք մնացինք վերջում 4 կուսակցություն, հասարակական կազմակերպություն, տվեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին ցուցակ ձեւավորվելու եւ տապալվեց, յոթ մանդատ ստացան, գնացին այդ յոթ մանդատի համար, այդպես կարելի՞ է: Սա լուրջ պետական, քաղաքական գործ է:  ինչպես կարելի է ամեն ստեղծված քանդել: ՀԱԿ-ը քաղաքական մարմին է, տեսեք` ովքեր չեն մասնակցում, Հարությունյան Վաղարշակ չի մասնակցում, Գիմիշյան Սոսը իր խոսքը ասել է, Պահպանողականը ասել է, Հովիկ Հովհաննիսյանը գնաց, հետո՞, դա տարիների աշխատանք է, ժողովուրդը սպասում է չէ՞, անելիք կա: Այդպես քանդելը ամենահեշտ գործն է»,- ասաց Գառնիկ Մարգարյանը: