ՀԱԿ-ում լուրջ փոփոխություններ տեղի կունենան, դրանք երկու տիպի կարող են լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա մանրամասնեց, որ մեկ տարբերակն այն է, որ ՀԱԿ-ը կամաց-կամաց քանդվի, մյուսը` առողջացման փոփոխություններն են, «առողջ, ճիշտ հիմքերի վրա դրվի գործունեությունը, վերադառնա իր նախկին սկզբունքներին, երբ որոշումները եւ քայլերը ընդունվում էին բոլորը միասին` հաշվի առնելով բոլորի կարծիքները, ծրագրերը»: Սոս Գիմիշյանը չի կարող ասել, թե այս երկու տարբերակներից որը կլինի, բայց եթե դրական փոփոխություններ չլինեն, ինքը կհեռանա ՀԱԿ-ից, եթե առողջացման հիմքեր դրվեն, կմնա ՀԱԿ կազմում:

«Այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի հրաժարվեց քաղաքական պայքարից, ՀԱԿ-ում փոփոխություններ տեղի կունենան, կառուցվածքային: Եթե  առողջացման ճանապարհ լինի, ես կտեսնեմ անելիք մնալ ՀԱԿ-ի շրջանակներում եւ շարունակել քաղաքական պայքարը առաջնորդի կամ առանց առաջնորդի: Եթե ինչպես կա, այդպես մնա, այդ դեպքում, կարծում եմ, գնացողները քիչ չեն լինի: Եթե փոփոխություններ չլինեն, ի՞նչ կա այնտեղ մնալու»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Կուսակցության ղեկավարը կարեւորեց, որ, հնարավորություն ունենալով հայտնել իր կարծիքը, ՀԱԿ-ում կկարողանա ազդել ընդունվող որոշումների վրա: «Ես չեմ ուզում, որ Կոնգրեսը քայքայվի, քանդվի, բայց ամեն ինչ կախված է գործընթացներից»,- ասաց նա:

Սոս Գիմիշյանի կարծիքով` մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Մինչ այդ նա ասում էր, թե ամեն ինչ պարզ կլինի նախագահական ընտրություններից հետո, բայց հիմա ընտրությունների արդյունքներին էլ սպասելու կարիք չկա: «ՀԱԿ-ը միասնական թեկնածու չունի, որ սպասենք ընտրությունների ավարտին: Վերջին 1,5 տարվա ընտրած ուղին բերեց պարտության, վատ արդյունքներ էին պառլամենտական ընտրությունները եւ այնքան վատ է վիճակը, որ նախագահականում նույնիսկ չենք մասնակցում: սա պետք է ընդունել, որ սխալ ուղի է ընտրվել, հասկանալ, վերաիմաստավորել, շտկել սխալները եւ գնալ առաջ, առողջացման մթնոլորտ ձեւավորել: Սա մի քիչ բարդ է, բայց հնարավոր ճանապարհ է, ես ինքս կողմնակից եմ այդ ճանապարհին: Բայց դա մենք չենք որոշում, 15 կուսակցություններ են, ինչ ուղի ընտրվի, դրան համապատասխան էլ կգործենք»,- ասաց կուսակցության ղեկավարը:

Նրանք դեռեւես նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի սատարել, չսատարելու որոշում չունեն, որովհետռեւ չգիտեն, թե ովքեր կառաջադրվեն ՀԱԿ գործընկերներից: «Ես դեմ չեմ, որ Հրանտ Բագրատյանը առաջադրվում է, շատ հանգիստ, նորմալ եմ գնահատում այդ քայլը, բայց նրան աջակցել, չաջակցելու խնդիրը կորոշենք, երբ ինքը կհրապարակի իր ծրագիրը, այն թիմը, որը պետք է իրականացնի այդ ծրագիրը, այդ դեպքում մենք մեր կարծիքը կասենք, չենք բացառում, որ դրական կարծիք ունենանք»,- ասաց նա: Սոս Գիմիշյանը չբացառեց, որ ՀԱԿ-ից այլ գործընկերներ եւս առաջադրվեն, դրա համար էլ չեն շտապում աջակցություն հայտնել: