Սիրիայում պահպանվում է քաղաքական կարգավորման հասնելու հնարավորությունը։ ՄԱԿ-ի եւ Մոսկվայում Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդունել է, որ Սիրիայի իրավիճակը բարդ է։ Մեր ընդհանուր պարտականությունը, նշել է Լավրովը, Սիրիայում կարգավորման հասնելու հնարավորությունն առավելագույնս օգտագործելն է։

«Սիրիայում պետք է քաղաքական կայուն գործընթաց գոյություն ունենա. դա առաջին այլընտրանքն է: Երկրորդը կարող է դառնալ միայն Սիրիայի «սոմալիզացիան», եւ տվյալ պարագայում հետեւանքները հեշտ է պատկերացնել։ Ժամանակն անցնում է, եւ, հնարավոր է, մենք պետք է որոշ փոփոխություններ կատարենք ժնեւյան համաձայնագրերում։ Ամեն դեպքում, կարծում եմ, դրանք հիանալի հիմք են քաղաքական գործընթացի շարունակության համար», - ի պատասխան նշել է  Լախդար Բրահիմին, հայտնում է vesti.ru-ն։

Միաժամանակ Բրահիմին հույս ունի, որ 2013-ին Սիրիային կհաջողվի ավարտել քաղաքական կարգավորումը։ Հատուկ ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, ըստ որի ինքը Մոսկվա է ժամանել Սիրիայում խաղաղարարական առաքելության հարցում Ռուսաստանից աջակցությունը ստանալու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարը սիրական ընդդիմության ներկայացուցիչներին կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել Ասադի հրաժարականի մասին պահանջները եւ կառուցողական օրակարգ ձեւավորել։ Ընդ որում, ըստ նրա, Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Սիրիայի ընդդիմության բոլոր ներկայացուցիչների հետ։ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան չի աջակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի 7-րդ գլխի բանաձեւին, քանի որ այն Սիրիայում արտաքին միջամտության ճանապարհ կբացի։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին դեկտեմբերի 29-ին ժամանել է Մոսկվա՝ քննարկելու սիրիական կարգավորման հարցը։