Հնդկաստանում այսօր՝ հունվարի 7-ին մեկնարկել է վերջին տարիների ամենաաղմկոտ գործի դատավարությունը: Դատարանի առջեւ են կանգնել 5 երիտասարդներ, ովքեր մեղադրվում են 23-ամյա ուսանողուհու դաժան բռնաբարության եւ սպանության մեջ: Մեղադրյալներ Ռամ Սինգհը, Մուկեշ Սինգհը, Աքշայ Տհակուրը, Վիջայ Շարման եւ Պավան Գուպտը Դելիի դատարան են բերվել այսօր կեսօրին: Նրանց մեղքն ապացուցվելու դեպքում, երիտասարդներին մահապատիժ է սպառնում: 6-րդ մեղադրյալի՝ 17-ամյա դեռահասի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում:

Դատական հաջորդ լսումները կկայանան հունվարի 10-ին:

Հիշեցնենք, որ ողջ աշխարհը ցնցած սարսափելի դեպքը գրանցվել է դեկտեմբերի 16-ին՝ Նյու Դելիում: 23-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս է եղել կինոթատրոնից, երբ ավտոբուսում գտնվող տղամարդիկ սկսել են անհանգստացնել աղջկան: Արդյունքում նրանք հենց ավտոբուսում դաժանաբար բռնաբարել են աղջկան, այնուհետեւ խոշտանգել են մետաղյա ձողով:

Բուժման նպատակով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ուսանողուհուն հասցրել են Սինգապուր, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Այս հրեշավոր միջադեպը շոկի մեջ է գցել Հնդկաստանի բնակչությանը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով պաշտպանել կանանց եւ մահապատիժ սահմանել բռնաբարության համար:

Զանգվածային հուզումների արդյունքում առնվազն 20 մարդ է մահացել: