Անրի Մատիսի «Այգի» (1920) կտավը, որը գողացվել էր Ստոկհոլմի թանգարանից, գտնվել է գողանալուց ավելի քան 25 տարի անց, հաղորդում է BBC News-ը: Այս ստեղծագործությունը գնահատվում է մոտ մեկ մլն դոլար: Կտավը ժամանակակից արվեստի թանգարանից դուրս է բերվել 1987 թվականի մայիսի 11-ի վաղ առավոտյան: Գողերը թանգարանի շենք են մտել՝ կոտրելով դուռը, վերցրել միայն Մատիսի այդ մեկ կտավն ու անհետացել: Անվտանգության աշխատակիցները թանգարան են եկել միայն 10 րոպե անց: Այս 25 տարիների ընթացքում «Այգու» գտնվելու վայրն անհայտ է եղել:

Գողերը թանգարանին առաջարկել են կտավը հետ գնել «անհամարժեք» գնով, սակայն արվեստի կորած ստեղծագործությունների տվյալների խոշորագույն բազայի (Art Loss Register (ARL) ղեկավար Քրիսթոֆեր Մարինելլոն խորհուրդ է տվել գումար չվճարել գողերին: Նրա խոսքով՝ գողացված կտավն իրական արժեք չունի, քանի որ Մատիսը բավական հայտնի է եւ նրա կտավը բաց շուկայում վաճառելն անհնար է: Նա խորհուրդ է տվել միայն զինվել համբերությամբ եւ սպասել:

«Այգին» հայտնվել է այն ժամանակ, երբ ինչ-որ լեհ կոլեկցիոներ պատրաստվել է կտավը վաճառել բրիտանացի արտ-դիլեր Չարլզ Ռոբերթսին: Նախքան ձեռք-ձեռքի տալը, Ռոբերթսը դիմել է ARL-ի տվյալների բազա եւ հասկացել, որ կտավը գողացված է, հաղորդում է Lenta.ru-ն: