Ամերիկյան Բոստոնի օդանավակայանում վայրէջքից հետո, կայանատեղիում հրդեհվել է Boeing 787 օդանավը, որը համարվում էր «Երազանքի օդանավ»:
Japan Аirlines ընկերությանը պատկանող օդանավում հրդեհը հայտնաբերել է մեխանիկը, ով ուղեւորների հեռանալուց հետո ստուգելիս է եղել օդանավի սրահը: Հրդեհը տեղի է ունեցել արդեն դատարկ սրահում, ուստի տուժածներ չկան:
Հրդեհի պատճառը էներգետիկ սարքավորման մարտկոցի պայթյունն է եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Մի քանի շաբաթ դրանից առաջ երեք Boeing 787 Dreamliner օդանավերի էլեկտրական համակարգերում խնդիրներ էին հայտնաբերվել: Բացի այդ, ավելի վաղ նոր օդանավերում շարժիչների անսարքություններ եւ վառելիքի արտահոսքի դեպքեր էին գրանցվել: Սակայն փորձագետների կարծիքով՝ հրդեհը ամենավտանգավորն է բոլոր այդ դեպքերի շարքում:
Օդանավի հրդեհին անմիջապես արձագանքել են բորսաները. Չիկագոյի ֆոնդային բորսայում Boeing ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 2 տոկոսով:





























