ԱՄՆ-ում հունվարի 7-ին 25-ամյա Ջեյմս Հոլմսի գործով նախադատական լսումներ են սկսվել: Հոլմսը Ավրորա քաղաքի (Կոլորադո նահանգ) կինոթատրոններից մեկում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ կրակել էր հանդիսատեսների վրա: 12 մարդ զոհվել, 58-ը վիրավորվել էին:
Լսումները կշարունակվեն մի քանի օր: Դատավոր Ուիլյամ Սիլվեսթրը, լսելով դատախազության եզրահանգումները, կորոշի՝ կան արդյոք բավարար հիմքեր դատական գործընթաց սկսելու համար:
Դահլիճում գտնվող լրագրողների խոսքով՝ նիստին ներկա Հոլմսը ոչինչ չարտահայտող դեմք ուներ, նա ոչ մի բառ չի արտաբերել:
Ցուցմունք է տվել Հոլմսի ձերբակալությանը մասնակցած ոստիկան Ջեյսոն Օյվաթը, որը հայտնել է, որ Ջեյմսը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել եւ համընդհանուր խուճապը դիտել է «միանգամայն բացակա տեսքով»: Ոստիկանի խոսքով՝ Հոլմսն անձամբ է հայտնել, որ իր բնակարանում պայթուցիկ սարքեր կան, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ականատեսները պատմել են, որ հանցագործը հատուկջոկատային ոստիկանի հագուստով էր, մոտը եղել է հակագազ եւ զրահաբաճկոն: Հոլմսը զինված է եղել ինքնաձիգով, հրացանով եւ երկու ատրճանակով: Նախքան կրակ բացելը նա արցունքաբեր գազով նռնակ է նետել դահլիճ:
Հիշեցնենք, Հոլմսը Կոլորադո նահանգի Դենվերի Համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ էր, սակայն ողբերգությունից մեկ ամիս առաջ ուսուցումն ընդհատելու որոշում էր կայացրել: Դատական փաստաթղթերի համաձայն՝ որոշ ժամանակ նրան տեսել են համալսարանական հոգեբույժի մոտ:




























