Ռիո դը Ժանեյրոյի լողափերից մեկում խեղդվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Գուրեւսկին: Ականատեսների խոսքով՝ տղամարդը վստահ լողալիս է եղել, հանկարծ սկսել է բղավել եւ օգնություն կանչել:

Տառացիորեն մի քանի վայրկյան անց  65-ամյա բելառուսը անհետացել է ջրում: Հնարավոր է, հյուպատոսի մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են եղել, հայտնում է Novostimira.com-ը:

Քաղաքային փրկարարական ծառայությունը հայտնել է, որ Գուրեւսկուն լողալու ընթացքում ծածկել է ալիքը եւ ուժեղ հոսքով քշել օվկիանոսի խորք, գրում է Belnovosti-ին: Հյուպատոսի ուժերը չեն բավարարել տարերքի դեմ պայքարելու համար:

Ռիո դը Ժանեյրոյի իրավապահների տվյալով՝ ողբերգությունը տեղի է ունեցել «Ռեզերվ» լողափում: Փրկարարներին հաջողվել է Գուրեւսկուն դուրս բերել ջրից, երբ նա դեռ ողջ է եղել: Սակայն հիվանդանոցի ճանապարհին հյուպատոսը մահացել է:

Նաեւ հաղորդվում է, որ Գուրեւսկու աշխատանքային պայմանագիրն ավարտվել էր հունվարի 4-ին, եւ դիվանագետը պատրաստվում էր Մինսկ վերադառնալ: