Սոմալիի ծովահենների ամենահայտնի առաջնոորդներից մեկը՝ Մուհամեդ Աբդի Հասանը հայտարարել է հանգստի անցնելու մասին։ Նա 8 տարի ծովահենությամբ զբաղվելուց հետո խոստացել է այլեւս «չմասնակցել քրեական նախաձեռնություններին»։ Ավելին՝ նրա խոսքով, իր կոչն ազդել է իր գործընկեր ծովահենների գործունեության վրա, որոնք եւս որոշել են հեռանալ այդ գործերից։
Ըստ Agence France-Presse-ի, Հասանը, հավանաբար, Հնդկական օվկիանոսում առեւտրական նավեր ճանկելով՝ բավական մեծ ունեցվածք է կուտակել։ Նավերի վերադարձի համար սեփականատերերը միլինավոր դոլարներ են տվել որպես փրկագին։
Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Լենտա.ռու»-ն, Հասանի մարդիկ էին կանգնած ուկրաինական «Ֆաինաի» առեւանգման հետեւում, որով զենք էին փոխադրում։ Հենց նրանք են առեւանգել Սաուդյան «Սիրիուս սթար» սուպերտանկերը։ Երկու դեպքում էլ նավերի եւ անձնակազմի ազատագրման համար ստիպված են եղել փրկագին վճարել։
Սոմալիի Հոբիո տարածաշրջանը 1990-ական թվականներից դարձել է ծովահենների ոչ պաշտոնական մայրաքաղաքը, որոնք առեւանգում եւ թալանում էին մոտակայքով անցնող առեւտրանավերը։ Չնայած համաշխարհային նավագնացության եւ երաշխավորների վրա ունեցած բացասական ազդեցության՝ այս տարածաշրջանի տնտեսությունը սկսել է զարգանալ ի շնորհիվ ծովահենության, ինչը դրական է ազդել տեղի բնակչության մակարդակի վրա։





























