Նախնական տվյալներով՝ Հալեպի պայթյունի հետեւանքով տուժածների մեջ հայեր չկան: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Սիրիայի ընդդիմադիր զինյալների կողմից Հալեպի համալսարանի հրթիռային հրետակոծման հետեւանքով զոհվել է 80 մարդ, ավելի քան 160 մարդ վիրավոր է: Տուժածների անընդհատ աճող քանակի մասին տվյալները հաղորդում են սիրիական կառավարամետ լրատվամիջոցները: Ընդդիմադիր զինյալները երկու հրթիռ էին արձակել Ալ Լերմոն թաղամասի կողմից, հայտնում է Սիրիայի պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը: Տուժածների մեծ մասն ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանը սկսած ուսանողներ են, ինչպես նաեւ  համալսարանական քաղաքի հանրակացարանում ապրող փախստականներ: Հաղորդվում է նաեւ Հալեպ քաղաքի Բենի Զեյդ թաղամասի հրետակոծման մասին, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: 

Նախօրեի երեկոյան արեւմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով զինված ընդդիմության անանուն ներկայացուցիչներին, լուրեր էին տարածել, թե համալսարանի վրա կառավարական բանակի արձակած հրթիռներն են ընկել: Սակայն գիշերը ընդդիմության առաջատար ուժերից  մեկը՝ ԱՄՆ-ի կողմից  պաշտոնապես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Ջեբհաթ ան Նուսրան», ստանձնել էր Հալեպի համալսարանի հրետակոծման պատասխանատվությունը: