Սիրիայի բանակի եւ զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարել է, որ հակասիրիական ուժերի սնանկությունը ծածկելու փորձերը եւ իրենց թշնամական պլաններն իրականացնելու հարցում անօգնականությունը նրանց դրդել է հունվարի 15-ին հերթական հանցագործությունը կատարել: Հալեպի համալսարանի վրա նրանք երկու հրթիռ են արձակել Ալ Լերմոն թաղամասի կողմից, որի հետեւանքով զոհվել են տասնյակ ուսանողներ եւ այլ անմեղ քաղաքացիներ:
«Այս հանցագործությունը ստիպել է բանակային ստորաբաժանումներին խիստ հարվածներ հասցնել ահաբեկիչների եւ վարձկանների կուտակման վայրերին: Մեծ քանակությամբ գրոհայիններ են ոչնչացվել այդ շրջաններում»,-ասված է Սիրիայի զինվորական հրամանատարության հայտարարությունում, որը ներկայցնում է Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:
Հրամանատարությունն իր հայտարարությունում պնդում է, որ «տվյալ վախկոտ հանցագործությունը վրեժի դրսեւորում է՝ ուղղված Հալեպի մասնավոր քաղաքացիների դեմ, ովքեր ապացուցել են իրենց խորը հայրենասիրությունը, գիտակցում են իրենց հայրենիքի եւ նրա ժողովրդի դեմ դավադրության մասշտաբները եւ ուժեղ կամք են դրսեւորում ահաբեկչությանն ընդդիմանալու հարցում»: Հայտարարությունում ընդգծվում է, որ «ահաբեկիչների գրոհները համալսարանների եւ դպրոցների վրա, ուսանողների, աշակերտների, մտավորականության ներկայացուցիչների դեմ մահափորձերը ցույց է տալիս այդ մարդասպանների միջնադարյան դատողությունը»:
Հրամանատարությունը նշել է, որ նման «ստոր հանցագործությունները» սիրացիներին էլ ավելի վճռական է դարձնում եւ ամրապնդում բանակի կամքը, որն իրականացնում է «ահաբեկիչներին հետապնդելու, հայրենիքը նրանց անարգանքից ազատելու եւ հայրենիքի անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու իր սահմանադրական պարտքը»:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ի երեկոյան արեւմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով զինված ընդդիմության անանուն ներկայացուցիչներին, լուրեր էին տարածել, թե համալսարանը վար Սիրիայի կառավարական բանակի արձակած հրթիռներն են ընկել, սակայն գիշերը ընդդիմության առաջատար ուժերից մեկը՝ ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Ջեբհաթ ան Նուսրան», ստանձնել էր Հալեպի համալսարանի հրետակոծման պատասխանատվությունը:




























