Բրիտանական իշխանությունները հրապարակել են գահակալման 60-ամյա հոբելյանի առթիվ թագուհու ստացած նվերների ցանկը: Նվերների թվում թեյի բաժակի ձեռագործ պատյան է, 78 սեփական դիմանկար, երեք թագ, մուրաբայով տակառիկ եւ շան մահճակալ՝ թագի տեսքով:

Բացի այդ, ըստ Բուքինգհեմյան պալատի հրապարակած ցուցակի՝ Եղիսաբեթ II-ը «Լեգոյով» կառուցված Թաուերի կամուրջ է ստացել, Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներ, ինը փազլ, մեկ  թխվածք եւ այլն:  Թագավորական գանձատան առավել անսովոր  համալրումներից պետք է նշել ասիական փղիկի որդեգրման իրավունքի փաստաթուղթը, ինչպես նաեւ ջայլամի ձվից սարքած կառքի մոդելը, հայտնում է vesti.ru-ն:

Նաեւ թագուհու անվամբ են անվանակոչել Անտարկտիդայի տարածքի մի մասը: Եղիսաբեթ II-ի ամուսնուն՝ Էդինբուրգի դուքսին եւս հրավիրյալները չեն անտեսել: Նա գեղեցիկ ափսե է ստացել, քաղցրաբլիթից պատրաստված շոտլանդացու ֆիգուր, Adnams գարեջրի տակառիկ, ինչպես նաեւ ոսկյա սուր՝ Քուվեյթի էմիրից: