Սիրահայերն աշխատանք են գտնում ոչ միայն Երեւանում,  այլեւ մարզերում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ  ներկայումս աշխատանքի տեղավորման հարցերով դիմել է  մոտ 700 սիրիահայ, որոնցից 300-ն արդեն աշխատանք են ստացել:

«Նրանցից շատերն աշխատում են իրենց մասնագիտությամբ. ինժեներներ են, սպասարկման ոլորտի աշխատողներ, թարգմանիչներ եւ ուսուցիչներ, այլ մասնագիտություններ ունցողներ»,-ավելացրեց Հ. Հակոբյանը: Ընդ որում, նրանց մի մասը ընդունել է ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Շիրակի եւ Լոռու մարզերի գործատուների առաջարկները, որտեղ հաջողությամբ աշխատում են:

Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարալիկի բամբակագործական ֆաբրիկայի տնօրենն ասել էր, որ պատրաստ է աշխատանքի ընդունել տեքստիլ ոլորտում աշխատող սիրիահայերի: Պետական մարմինները հավաքում են գործատուների պահանջարկի մասին հայտերը` համապատասխան աշխատատեղեր առաջարկելով Հայաստան ժամանած սիրիահայերին: