Սանկտ-Պետերբուրգում կալանավորված Մասիսի քաղաքապետի` Սաշա Հակոբյանի եղբորը` Գրիշա Հակոբյանին մինչեւ փետրվարի վերջ ազատ կարձակեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, սակայն հրաժարվեց անուններ նշել:
Նրա խոսքով, նախապես տրված երկամսյա կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: «Ասում են, որ հիմա թողնենք, հետո մեր վրա կբողոքեք: Իրանք ոչ մի հիմքեր չեն կարողանում գտնել, որ իմ եղբայրը մեղավոր է: Իրանք լավ գիտեն, որ այդ գործը սարքած գործ է, բայց, թե ում կողմից չգիտեն: Մինչեւ փետրվարի վերջ 100 տոկոսով ազատ կարձակեն»,- նշեց նա:
Ավելի վաղ Սաշա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Սանկտ-Պետերբուրգում ադրբեջանցիները «սարքել» են իր եղբոր` Գրիշա Հակոբյանի գլխին եւ նրա ուղեբեռի մեջ տասնյակ կիլոգրամներով հաշիշ են տեղադրել, որպեսզի նրան դուրս թողեն ծաղիկի բիզնեսի շուկայից: «Հիմնական պատճառներից մեկն էլ նա է, որ եղբայրս Սանկտ-Պետերբուրգի ծաղիկի բիզնեսում միակ հայն է: Մի քանի ծաղիկի մեծածախ օֆիսներ են, որոնցից մեկը իրենն է: Մնացած բոլորը ադրբեջանցիներինն է»,- պատմել էր Մասիսի քաղաքապետը: Հարցին, թե մինչեւ եղբոր ձերբակալությունը նրա նկատմամբ սպառնալիքներ եղել են, թե ոչ, Հակոբյանն ասել էր. «Սպառնալիքներ չեն եղել, բայց տարբեր առաջարկություններ են եղել, թե օֆիսդ վաճառի : Նման առաջարկություններ շատ է եղել, բայց ինքը միշտ մերժել է ասելով, որ նման ցանկություն չունի»:





























